loading...

Այս սարքն ուղղակի փրկություն կարող է լինել կույր մարդկանց համար
13.05.2017, 22:36

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 6 կին ընդամենը 15 ժամում ստեղծել են աշխարհում առաջին սարքը, որը սինխրոն կերպով տեքստը փոխադրում է բրեյլի գրերի (կույրերի համար նախատեսված):

Բրեյլի սարքն ունի փոքրիկ տեսախցիկ, որը սկանավորում է ներմուծված բառերը, ապա վերածում բրեյլի գրերի: Ներկայումս միաժամանակ հնարավոր է «թարգմանել» մինչև վեց տառ ունեցող բառեր:

Աղջիկների Tractile կոչվող խումբը մասնակցում էր համալսարանի կազմակերպած մրցույթին, ըստ որի՝ յուրաքանչյուր թիմ պետք է 15 ժամում որևէ նախագիծ մշակեր, մոդելավորեր, ծրագրավորեր և անգամ հասցներ փորձարկել: Սարքի առաջին նախատիպը բավականին դժվար էր օգտագործել, քանի որ այն պետք էր միացնել համակարգչին և միաժամանակ հնարավոր էր փոխադրել միայն մեկ տառ:

Այնուամենայնիվ, աղջիկների խումբը հաղթեց: Այժմ սարքը բարելավել են, չափերը փոքրացրել և դարձրել ընդամենը մի քանի սանտիմետր, ինչը շատ ավելի հեշտ է օգտագործել, այլևս կարիք չկա այն միացնելու համակարգչին, քանի որ սարքն ինքնուրույն է աշխատում... Խմբի անդամներն իրենց շատ հպարտ են զգում, քանի որ հույս ունեն, որ իրենց հայտագործած սարքը կհեշտացնի աշխարհում ապրող 40 միլիոն կույր մարդկանց

կյանքերը:

Նրանց խմբի համակարգող Փոլ Փարավանոն, ով մինչ երեք տարեկանը տեսողական խնդիրներ է ունեցել, ասում է. «Սա մեծ նվաճում է տեղեկատվություն ստանալը հեշտացնելու ոլորտում: Կույր մարդկանց համար ամենադժվար բանն աշխատանքի վայրում կամ առօրյա կյանքում տպագրված տեքստն իրենց համար հասանելի դարձնելն է»:

Նմանատիպ սարքեր, իհարկե, կան, սակայն այնքան թանկ արժեն, որ քչերն են ի վիճակի լինում գնել: Tractile-ի անդամները հույս ունեն, որ կկարողանան իրենց ստեղծած սարքերը վաճառել ոչ ավել, քան 200 դոլարով:

Սակայն այսքանից հետո էլ դեռ շատ խնդիրներ կան: Օրինակ՝ աշխարհում կույր մարդկանց ընդամենը 10%-ն է կարողանում կարդալ բրեյլի գրերը:

«Տեքստ կարդացող սարքեր շատ կան, որոնք կարողանում են ավտոմատ կերպով բարձրաձայն ընթերցել ներմուծված տեքստը: Բայց երբ լսում ես, չգիտես՝ ինչպես է նախադասությունը գրվում, ինչպես կետադրվում, կարճ ասած՝ քերականությունն անտեսանելի է: Սակայն երբ կարդում ես բրեյլի գրերով, այդ դեպքում հասկանում ես նաև, թե ինչպես է գրված տեքստը»,- ասել է ԱՄՆ Կույրերի հիմնադրամի ազգային ծրագրերի համակարգող Այք Փրեյսլին:

Բազմաթիվ հայտնի ընկերություններ են համաձայնել, որ կատարված աշխատանքը շատ նորարարական է: Tactile-ը հաղթել է բազմաթիվ մրցույթներում և որպես ներդրումներ հազարավոր դոլարներ ստացել: Անգամ Microsoft-ն է իր աջակցությունը հայտնել:

Փարավանոն վերջում նշել է. «Սա հիանալի օրինակ է, որն ապացուցում է, որ կանայք ևս հիանալի ինժեներներ են և կարող են փոխել աշխարհը: Կանայք իսկապես ուզում են լավացնել մարդկանց կյանքը»:

Կատեգորիա: Հետաքրքիր | Ավելացրեց: Admin
Դիտումներ: 450 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
loading...
avatar
uCoz