21.03.2018, 20:49 | |
«Արմենիա TV»-ի գարնանային եթերաշրջանն այս անգամ էլ հագեցած է նոր ու կրեատիվ նախագծերով ու հետաքրքիր դեմքերով: Մարտի 24-ին հեռուստաընկերության եթերում նոր շոու ծրագրի պրեմիերա է: «Երեկոյան Ազոյան». այսպես է կոչվում դերասան Հովհաննես Ազոյանի մասնակցությամբ նոր հաղորդումը, որը խոստանում է անսպառ հումոր, հետաքրքիր ու պոզիտիվ ժամանց: BlogNews.am-ը ներկա է եղել շոու-ծրագրի առաջին նկարահանմանը: Ներկայացնում ենք մանրամասներ ու հետաքրքիր դրվագներ, որոնք ֆիքսել ենք նկարահանման հրապարակում: «Արմենիա TV»-ի՝ շոուներ անելու բազմամյա փորձը թույլ է տալիս ասել, որ այս ֆորմատում հեռուստաընկերությունը գրեթե մրցակից չունի: Հիշենք «Բեռնարդ շոուն», որն առաջինն ու միակն էր իր տեսակի մեջ, ու ժամեր շարունակ հեռուստադիտողները, էկրաններին գամված, սպասում էին հաղորդմանը: Մինչև այսօր էլ հասարակության համար նախագիծը մնում է ամենասիրելին, չգերազանցվածն ու լավագույնը: Ու ահա «Բեռնարդ շոու»-ի և այլ հաջողված նախագծերի ձևավորած ավանդույթները գալիս է շարունակելու «Երեկոյան Ազոյան» շոուն. «Երեկոյան շոուն միջազգային ֆորմատ է, որից պետք է սպասել միայն ուրախ, բարի և պոզիտիվ ժամանց: Քաղաքական ու մշակույթի գործիչներ, շոու-բիզնես ներկայացուցիչներ… Մեր հյուրերին փորձելու ենք դնել արտասովոր ու հումորային իրավիճակներում: Այս հաղորդումը ոչ թե նրա համար է, որ հյուրերին կանչենք ու կոպիտ ասած՝ ձեռք առնենք, այլ մարդը մեզ համար արժեք է ու նրա հետ պետք է զգույշ ու նուրբ վերաբերվել»,- ասում է Հովհաննեսը:
Ժամանցային նոր հաղորդաշարի վարողը միայն Հովհաննեսը չէ․ նրան այս հարցում օգնելու է տաղանդավոր երիտասարդ Մհեր Խաչատրյանը, ով հույս ունի, որ իր ներկայությունն այստեղ ավելորդ չի լինի. «Մասնակցում եմ ստեղծագործական ընթացքին ու նաև առաջարկներ անում: Մոտ մեկ ամիս տևել են նախապատրաստական աշխատանքները: Ամեն ինչ արել ենք, որպեսզի հաղորդումը լինի հումորով և ուրախ ժամանց ապահովի: Հեռուստադիտողներից պահանջվում է միայն շաբաթ երեկոյան տանը, բազմոցին նստած պարզապես թուլանալ, տեսնել մարդկանց հաճելի ու նույնիսկ ծիծաղելի իրավիճակներում ու վայելել: Հուսանք՝ ընթացքը հաջող կլինի ու նաև շարունակություն կունենա»,- նշում է Մհերը: Անթերի ու սահուն ընթացքի համար թիմը ժամերով կարող է փորձ անել, չնայած շոուն ամբողջությամբ հիմնված է իմպրովիզացիայի վրա: «Երեկոյան Ազոյան»-ն իսկական ռումբ է լինելու՝ թարմ ու օրիգինալ հումորով համեմված: «Երեկոյան Ազոյան»-ի առաջին թողարկման հյուրերը Լևոն Հարությունյանն ու Գրիշա Աղախանյանն են։ Շոու ծրագիրը կարող եք դիտել յուրաքանչյուր շաբաթ՝ ժամը 21։00-ին։ Նյութը՝ Էմմա Վարդանյանի Լուսանկարները՝ Շաքե Արմենիի | |
| |
Դիտումներ: 405 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |